29 նոյեմբերի 2018 - 17:52 AMT
Մարուքյան. Հեղափոխական ժամանակներն անցել են, եկել է աշխատելու ժամանակը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հավակնում է նոր խորհդրարանում լինել երկրորդ քաղաքական միավորը: Այդ մասին Մարտունիում նախընտրական հանրահավաքին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։

Նա նշել է, որ հեղափոխական ժամանակներն անցել են ու եկել է աշխատանքի ժամանակը, հայտնում է Aysor.am-ը:

«Մարդիկ այլևս ելույթների կարիք չեն ունենալու, մարդիկ ուզում են ավելի լավ ապրել, քան երեկ էր։ Մենք գնում ենք այդ գործով զբաղվելու»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։

«Հայաստանում դեկտեմբերի 9-ին իշխանության հարցը լուծված է։ Մենք գիտակցում ենք, որ այն ուժը, որը հեղափոխություն է իրականցրել, ունի ժողովրդի աջակցությունն ու պիտի լինի իշխանություն։ Բայց դեկտեմեբրի 9-ին ժողովուրդը որոշելու է՝ ովքեր են մյուսները։ Բացի հեղափոխության ուժից՝ ունենալո՞ւ ենք այնպիսի ուժեր, որոնք պատգամավորներ կտանեն, որոնք կզբաղվեն բիզնեսով, թե՞ կզբաղվեն քաղաքացու ամենօրյա դարդ ու ցավով, ունենալո՞ւ ենք պատագամավորներ, ովքեր բերանները ջուր առած նստելու են, թե՞ պայքարելու են մեր շահերի համար»,- ասել է Էդմոն Մարուքյանը։

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: