4 դեկտեմբերի 2018 - 10:45 AMT
Ըստ Երևանի ավագանու անդամի, տոնածառին հատկացված գումարով կարելի էր մի շարք խնդիրներ լուծել

Երևանի քաղաքապետարանի բյուջեից 71 մլն դրամ կամ մոտ 150,000 դոլար է հատկացվել նոր տոնածառի համար: Ըստ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի, տարեկան կտրվածքով Երևանում 71 միլիոն դրամով կարելի է լուծում տալ մի շարք խնդիրների, այդ թվում.

Ոռոգման ենթակառուցվածքներ՝ 74 միլիոն դրամ

Վթարայնության աստիճանի հենապատերի նորոգում՝ 90 միլիոն դրամ

Հրազդանի կիրճի բարեկարգում՝ 2 միլիոն դրամ

Մայրուղիների և փողոցների վերանորոգում՝ 50 միլիոն դրամ

Փողոցների պահպանում և շահագործում՝ 83 միլիոն դրամ

Վերելակների վերանորոգում՝ 109 միլիոն դրամ

Գետերի հուների մաքրում՝ 38 միլիոն դրամ Հասարակական զուգարանների պահպանում՝ընդամենը 2 միլիոն դրամ

Շենքերի և շինությունների հետազոտման աշխատանքներ՝ 15 միլիոն դրամ

Վթարային պատշգամբներ՝53 միլիոն դրամ

Կոյուղագծերի կառուցում՝ 4 միլիոն դրամ

Առողջապահական կազմակերպությունների բժշկական սարքավորումների ձեռքբերում ՝ 70 միլիոն դրամ։

«Սա 2018-ի բյուջեով տարեկան ծրագրեր են և այս շարքը կարելի է շարունակել։ Կտեսնենք 2019-ի բյուջեի վիճակը (համոզված եմ շատ բան չի փոխվել)։ Սա նույնն է, թե տանդ ջրի խողովակները պայթեն, առաստաղը կաթա, բայց դու նոր տոնածառ գնես։ Թե բա նոր տոնածառ... »,-ասված է Անի Սամսոնյանի ֆեսյբուքյան գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի Հանրապետության հրապարակում նոր գլխավոր տոնածառ է տեղադրվելու, աշխատանքները սկսվել են:«2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: Տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 15-ից հետո: Օրն առաջիկայում կհստակեցնենք: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14.4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է մոտ 200 մետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով», - ասել էԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նախորդ տարիներին Հանրապետության հրապարակում տեղադրվել է միևնույն ձևավորմամբ, բնական ճյուղերով տոնածառը, որը չի արժանացել մայրաքաղաքի բնակիչների միանշանակ համակրանքին: