4 դեկտեմբերի 2018 - 11:55 AMT
Մահացել է «Հայաստանի դասերի» հեղինակ Անդրեյ Բիտովը

Մոսկվայում 81 տարեկանում մահացել է անվանի ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի, «Հայաստանի դասերը.Ուղեգրություն» հայտնի գրքի հեղինակ Անդրեյ Բիտովը: Այդ մասին հայտնել է նրա թոռնուհի Պոլինան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ հենց նոր զանգահարեցին և հայտնեցին: Դա տեղի է ունեցել Մոսկվայում, հիվանդանոցում...»,-ասել է նա: Նա հավելել է, որ շուտով ընտանիքը կորոշի հուղարկավորության վայրն ու ամսաթիվը:

1960-ականների վերջին Անդրեյ Բիտովը, որն այն ժամանակ ընթերցողին այնքան էլ հայտնի չէր, մտադիր էր գրել Ճապոնիայի մասին: Սակայն խորհրդային իշխանությունների հետ հակասությունների պատճառով նրան թույլ չէին տալիս արտասահման մեկնել և նա եկավ Հայաստան ու գրեց «Հայաստանի դասերը» գիրքը:

Բիտովը ԽՍՀՄ գրողներից առաջինն էր, որ բացահայտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին և դատապարտեց այն:

Ռուս ականավոր գրող, ռուս գրականության մեջ պոստմոդեռնիստական ուղղության հիմնադիրներից մեկը` նդրեյ Բիտովը ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1973-1974-ին սովորել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում, գրել և պաշտպանության է ներկայացրել թեզ «գրականության տեսություն» մասնագիտությամբ, սակայն այն, ի վերջո, չի պաշտպանել։1965-ից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։ 1960-ից մինչև 1978-ը լույս են տեսել Բիտովի շուրջ տաս գիրք։

1978-ին ԱՄՆ-ում լույս տեսավ Բիտովի «Պուշկինի տուն» վեպը, իսկ 1979-ին մասնակցեց խորհրդային գրաքննությունը մերժող «Մետրոպոլ» գրական ալմանախի ստեղծմանը։ Արդյունքում՝ զրկվեց ԽՍՀՄ-ում տպագրվելու և գրական աշխատանքով ապրուստը վաստակելու հնարավորությունից։

«Վերակառուցման» քաղաքականության հռչակմամբ՝ 1986-ին վերադարձավ ԽՍՀՄ գրական կյանք, նաև ստացավ արտասահմանյան ճամփորդություններ կատարելու հնարավորություն։ Այդ տարիներին աշխույժ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին։ 1988-ին մասնակցել է Ռուսաստանի ՊԵՆ ակումբի ստեղծմանը։