4 դեկտեմբերի 2018 - 15:37 AMT
Քոչարյանի պաշտպանները դատարանին կմիջնորդեն դիմել ՍԴ

Վերաքննիչ դատարանում դեկտեմբերի 4-ին շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Պաշտպանական կողմը պետք է ներկայացնի միջնորդությունները։

Մինչ նիստի մեկնարկը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հայտարարել է, որ միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցով, հայտնում է Panorama.am-ը։

Այդ հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին:

«Դիմում ենք դատարանին, գտնելով, որ այն իրավական նորմերը, որ կիրառվում են սույն գործի շրջանակում, հակասում են Սահմանադրությանը»,-ասել է Օրբելյանը։

Փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն իր հերթին նշել է, որ այլ միջնորդություններ էլ են նախատեսում ներկայացնել։«Կախված այս միջնորդության ելքից, ևս մեկ միջնորդություն կարող է լինել Սահմանադրական դատարանի հետ կապված։ Եվս մի քանի նյութեր ունենք, միջնորդնելու ենք, որ դրանք ներկայացվեն, հետազոտվեն, մյուս կողմի մեկնաբանությունները լինեն»,-ասել է Ալումյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննության այս փուլում կալանքի տակ պահելու անհրաժեշտություն կա:

Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանբ բեկանվել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվել էր Վերաքննիչ դատարան նոր քննության:

Նոյեմբերի 27-ին քննվել է պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոցն անձեռնմխելիության հիմքով վերացնելու հայցը: Դատական նիստի ընթացքում փաստաբանները բացարկ են հայտնել գործը քննող դատավորին՝ դեռևս այնհայտ հիմքով: