4 դեկտեմբերի 2018 - 17:29 AMT
Կրեմլ. ՀԱՊԿ գագաթնաժողովը չի կայանա հայկական կողմի խնդրանքով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հանդիպումը չեղարկվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը, հայտնել է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել», - ասել է Ուշակովը՝ հավելելով, որ կառույցի գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով:

«Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք։ Ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որևէ կոնսենսուսի հասնելը», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։