5 դեկտեմբերի 2018 - 13:41 AMT
Նախագահը 6 մլն դրամ է նվիրաբերել Գյումրիում ներկերի արտադրության ընդլայնմանը

Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկություն, որը բնական հումքով արտադրում է յուղաներկեր և ներկանյութեր:Նախագահը զրուցել է կույրերի միավորման անդամների և ներկերի արտադրության մեջ ներգրավված աշխատակիցների հետ, ծանոթացել ներկերի արտադրության տեխնոլոգիային, գործունեությունն ընդլայնելու ծրագրերին։

Հանրապետության նախագահը նվիրաբերել է6,000,000 դրամ՝ ծրագրերն ընդլայնելու համար, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դա նաև սոցիալական նշանակության ծրագիր է, քանի որ դրա արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր՝ հիմնականում հաշմանդամների համար:

Կույրերի միավորման անդամներն իրենց արտադրած ներկերով ստեղծած յուղանկար են նվիրել Արմեն Սարգսյանին։ Հանրապետության նախագահն ասել է, որ նկարն իր պատվավոր տեղը կունենա նախագահական նստավայրում։