5 դեկտեմբերի 2018 - 15:06 AMT
Ավագանու անդամ․ Տոնածառի վրա տարեկան 25 մլն էր ծախսվում, էլ չի ծախսվի

Երևանի քաղաքապետարանը 2005-ից հետո առաջին անգամ ձեռք է բերել նոր տոնածառ, որը պատրաստված է բարձր որակի նյութից, ինչը թույլ կտա օգտագործել այն տասնյակ տարիներ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը՝ հավելելով, որ նոր տոնածառն իր աննախադեպ շքեղությամբ կզարմացնի ոչ միայն քաղաքացիներին և մանուկներին, այլև Երևան ժամանած զբոսաշրջիկներին, ավելին, «նոր տոնածառը իր գեղեցկությամբ կլինի տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում տեղադրվող տոնածառերի Top-երում»։

«Համեմատության համար նշեմ, որ նախկին տոնածառի համար ամեն տարի մրցութային կարգով գնվել են հարյուրավոր նոր կտրված բնական եղևնիներ, ինչն արժեցել է տարեկան մոտ 25 մլն դրամ, իսկ եղևնիները, բնականաբար,վերջում թափվել են։

Նոր տոնածառի արժեքը կազմում է մոտ 103 մլն դրամ, ինչը քաղաքապետարանի ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ձեռք բերել 71 մլն դրամով, որի մեջ մտնում է տեղափոխման և մոնտաժման աշխատանքները»,-ասվում է գրառման մեջ։

Տոնածառն ունի 35+2 մետր բարձրություն (12 հարկանի շենքի բարձրություն չափ), ստորին հատվածի տրամագիծը` 14,4 մետր, 200 կմ ընդհանուր երկարությամբ լուսավորման շղթա, զարդարված 1500 խաղալիքներով։

«Տոնածառը չի լինելու ամենամյա բնական կտրված եղևներից։ Նոր տոնածառը պատրաստված է բարձր որակի նյութից, ինչը թույլ կտա օգտագործել այն տասնյակ տարիներ, որոնց ընթացքում չի կորցնի իր տեսքը, փայլը և որակական հատկանիշները։ Տոնածառի դիզայնի, լուծումների, շքեղության ու գեղեցկության մասին գրելն ավելորդ է. լույսերը վառելու արարողության ժամանակ կտեսնենք բոլորս, կարծում եմ, որ անդրադարձ կլինի նաև միջազգային մամուլի կողմից»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ հաջորդ տարիներին տոնածառի համար չի կատարվի և ոչ մի լրացուցիչ ծախս։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոր տոնածառի համար քաղաքային բյուջեից չեն կատարվել լրացուցիչ հատկացումներ, տոնածառը գնվել է Երևան 2800 ամյակի համար նախկին իշխանությունների կողմից հաստատված բյուջեից տնտեսած մոտ 700 մլն դրամի հաշվին: