6 դեկտեմբերի 2018 - 17:35 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների էական նվազումը

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որով պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Համանախագահող երկրները ողջունել են առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և հաղորդվող կորուստների էական նվազումը, ինչը հաջորդել է Դուշանբեում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած խոսակցությանը», - նշվում է հայտարարության մեջ:

Նրանք հորդորել են կողմերին շարունակել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և սեփական ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու միջոցներ ձեռնարկել:

Համանախագահող երկրները հույս են հայտնել նաև, որ կողմերի միջև ինտենսիվ երկխոսությունը կարող է մոտ ապագայում հանգեցնել խնդրի կարգավորմանը:

Նշվում է, որ Մնացականյանն ու Մամեդյարովը վերահաստատել են լարվածության նվազեցման ու խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք իրականցնելու իրենց պատրաստակամությունը:

«Երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները համաձայնություն են հայտնել հանդիպել 2019 թվականի սկզբին և շարունակել բարձր մակարդակով բանակցությունները: Նրանք գնահատել են համանախագահող երկրների կողմից ցուցաբերած մեծ ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը», - նշված է հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ