6 դեկտեմբերի 2018 - 17:47 AMT
Մամեդյարով. 2019-ին պետք է բեկում կատարենք ԼՂ կարգավորման հարցում

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «շատ օգտակար» է անվանել Միլանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած բանակցությունները:

«2019-ին մենք պետք է բեկում կատարենք կարգավորման մեջ՝ ավելացնելու համար տարածաշրջանում խաղաղության հաստատման ու բարգավաճման հնարավորությունները,-ասել է նա Միլանում՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ամենամյա նիստում, հայտնում է Haqqin.az-ը:

Նա հայտարարել է նաև, որ տարիների ընթացքում առաջին անգամ «հնարավոր է դարձել հանդիպման ավարտին համաձայնեցնել հայտարարության տեքստը»:

Նա նշել է նաև, որ բանակցությունները եղել են շատ ինտենսիվ, կարծիքների կարևոր փոխանակում է տեղի ունեցել:

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որով պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Մնացականյանն ու Մամեդյարովը վերահաստատել են լարվածության նվազեցման ու խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք իրականցնելու իրենց պատրաստակամությունը:«Երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները համաձայնություն են հայտնել հանդիպել 2019 թվականի սկզբին և շարունակել բարձր մակարդակով բանակցությունները: Նրանք գնահատել են համանախագահող երկրների կողմից ցուցաբերած մեծ ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը», - նշված է հայտարարության մեջ: