25 հունիսի 2008 - 16:13 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Այն, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գրեթե 2 տարի է, ինչ մնացել է առանց դեսպանի, նորմալ չէ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հուսով է, որ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը կհաստատվի Սենատի կողմից որքան հնարավոր է արագ, չորեքշաբթի Երեւանում լրագրողներին է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ Դեվիդ Կրամերը: «Ես նորմալ չեմ համարում, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գրեթե 2 տարի է, ինչ մնացել է առանց դեսպանի: Այս անգամ լավ թեկնածություն է ներկայացված, թեեւ կա նաեւ լավ գործերի ժամանակավոր հավատարմատար, որը հաճույքով կվերադառնա փոխդեսպանի իր պաշտոնին»,-ասել է Կրամերը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարիա Յովանովիչը, որը զբաղեցրել է ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը Ղրղզստանում, առաջադրվեց Սպիտակ տան կողմից մարտի 31-ին:

Ինչպես արդեն հաղորդել է PanARMENIAN.Net-ը, սենատոր Բարբար Բոքսերի նախաձեռնությամբ հետաձգվել է մեկ ամսով: Հետաձգման պատճառն այն է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը չի ապահովել, որ Սենատի արտաքին գործերի կոմիտեի անդամների 8 գրավոր հարցերին ժամանակին պատասխան տրվի: «Սենատոր Բոքսերը ոչ միայն սենատորներին հնարավորություն չի տվել քննարկել թեկնածուի պատասխանները, այլ նաեւ, ինչը շատ կարեւոր է, հնարավորություն չի տվել բոլոր ամերիկացիներին, ներառյալ ԱՄՆ-ի հայ համայնքը, ուսումնասիրել պատասխաններն ու մասնակցել Երեւանում դեսպանի թեկնածության հասարակական քննարկումներին: Այս հարցը ուշադրության կենտրոնում է գտնվում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելուց եւ նրան դիվանագիտական ծառայությունից ազատելուց հետո»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սենատի կոմիտեի քվեարկությունը կկայանա Կոնգրեսում հուլիսի 4-ի` Անկախության օրվա կապակցությամբ կայանալիք ընդմիջումից հետո: