7 դեկտեմբերի 2018 - 15:53 AMT
Հաջիև. Փաշինյանն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

«Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցություններ շարունակելու հարցերը», - ասել է Հաջիևը «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցում:

Ըստ նրա, հարկավոր է հաշվի առնել, որ այս 2 ասպեկտը շատ սերտ կապակցված են և փոխլրացնում են իրար, հայտնում է Interfax.az-ը:

«Վերջին շրջանում զորքերի շփման գծում և պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է, որը շատ լավ ֆոն է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ սուբստանտիվ և ինտենսիվ բանակցություններ վարելու համար: Դա չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անընդունելի ստատուս քվոյի պահպանմանը», - ասել է Հաջիևը, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Հաջիևը նաև կրկնել է Բաքվի դիրքորոշումը՝ հարցը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» սկզբունքի հիման վրա լուծելու վերաբերյալ:

Ըստ նրա, Ալիևն ու Փաշինյանը քննարկել են նաև երկու երկրներում պահվող անձանց փոխանակման հարցը: