Դեկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետարանի շենքում, ՀՀ կառավարության արտագնա նիստից անմիջապես առաջ, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմային:
230 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշի վրա կոլաժի տեսքով պատկերված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տեսարաններ. ավերված շենքեր, փրկարարական աշխատանքներ և Գյումրու Անկախության հրապարակի ժամացույցը, որը ցույց է տալիս երկրաշարժի ժամը:
Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքի մոտ և որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: