9 դեկտեմբերի 2018 - 17:54 AMT
Ոստիկանությունը ընտրական հանցագործության 7 դեպքով նյութեր է պատրաստում

ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 08:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում, հայտնում է մամուլի ծառայությունը:

Դրանցից 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր:

Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 17-ը գտնվում է ստուգման փուլում, իսկ 1-ն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարություն:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընթանում են ԱԺ արտահերթ ընտրություններ: Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: