10 դեկտեմբերի 2018 - 12:34 AMT
Բոլիվիայում Պաբլո Էսկոբարի հանցակիցը փախել է կալանքից

Բոլիվիայում դատապարտված նարկոբարոն Խորխե Սուարեսը փախել է հիվանդանոցից, ուր մի քանի օր առաջ տեղափոխվել էր բանտից: 67-ամյա Սուարեսը, Ծղոտե գլխարկ մականունով, հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի թիմակիցներից է: Նա առանցքային դերակատարում է ունեցել 1980-ականներին Հարավային Ամերիկայից թմրանյութերի մաքսանենգության կազմակերպման գործում:

Սուարեսն ԱՄՆ-ում դատապարտվել է 36 տարվա ազատազրկման, սակայն ապրիլին նրան վաղաժամ ազատ էին արձակել՝ ամերիկյան բանտում 28-ամյա կալանքից հետո, գրում է Meduza-ն Reuters-ի վրա հղումով:

Բոլիվիա վերադառնալուց հետո նրան դատապարտել են նոր կալանքի՝ 15 տարվա ազատազրկման, նա պատիժը կրում էր երկրի մայրաքաղաքի բանտերից մեկում: Դեկտեմբերի սկզբին Սուարեսին թույլատրեցին բուժում անցնել Լա Պասի մասնավոր կլինիկաներից մեկում, որտեղից էլ նա փախել է դեկտեմբերի լույս 8-ի գիշերը:

Ոստիկանությունը հաստատել է նարկոբարոնի փախուստի փաստը՝ նշելով, որ արվում է հնարավոր ամեն ինչ նրան կալանավորելու համար: