26 հունիսի 2008 - 15:47 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Ղարաբաղում իրական խաղաղություն ստեղծելու համար պետք են իմաստություն, բարոյական ուժ եւ կամք
Չորեքշաբթի Բաքու է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասիեն: Բերնար Ֆասիեն շնորհավորեց ադրբեջանական ժողովրդին Զինված ուժերի օրվա առթիվ, նշելով, որ ներկա է գտնվելու Ադրբեջանի ԶՈՒ 90-ամյակին նվիրված զինվորական քայլերթին: Համանախագահը փաստել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագիր չկա: «Հակամարտությունը շարունակվում է 15 տարի: Իրական խաղաղություն ստեղծելու համար անհրաժեշտ են իմաստություն, բարոյական ուժ եւ կամք»: Բ. Ֆասիեն նաեւ հայտնել է, որ այսօր Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանելու համանախագահներ Յուրի Մերզլյակովն (Ռուսաստան) ու Մեթյու Բրայզան (ԱՄՆ):

Վաղը ծրագրված է նրանց հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Սպասվում է, որ համանախագահներին կընդունի ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւը:

Բաքվից միջնորդները մեկնելու են Երեւան, որտեղ հանդիպելու են ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հայաստանից համանախագահները մեկնելու են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ, իսկ ապա նորից վերադառնալու են Երեւան, որտեղից մեկնելու են Վիեննա: Բ. Ֆասիեն հայտնել է, որ հունիսի 30-ին Վիեննայում կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը` ընդարձակ կազմով: Համանախագահները տեղեկատվություն են ներկայացնելու բանակցային գործընթացի մասին:

Ֆրանսիացի դիվանագետը նաեւ ընդգծել է, որ ներկա դրությամբ նախագահների հրահանգների համաձայն ԱԳՆ ղեկավարների հետ աշխատանք է տարվում «Մադրիդի սկզբունքների» շուրջ: Դեռեւս հայտնի չէ, երբ կավարտվի այս աշխատանքը. Ադրբեջանի նախագահական ընտրություններից առա՞ջ թե հետո, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: