10 դեկտեմբերի 2018 - 12:54 AMT
Շարմազանովը՝ Մարուքյանի հետ «հետընտրական» խաշի մասին․ Հաշիվը, աչքիս, ես եմ փակելու

Ընտրություններից առաջ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հեռակա կարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին դեկտեմբերի 11-ին խաշի հրավեր էր արել՝ նշելով, որ հաշիվը կփակի նա, ում ներկայացրած կուսակցությունն ընտրությունների արդյունքում ավելի շատ ձայն կհավաքի:

Ընտրությունների արդյունքում ԼՀԿ-ն հայտնվեց խորհրդարանում, իսկ ՀՀԿ-ն չկարողացավ հատել անցողիկ շեմը։ Էդուարդ Շարմազանովը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց, որ Մարուքյանին ԱԺ արտահերթ ընտրություններից հետո խաշի հրավիրելն ուժի մեջ է:

«Ես ուշ երեկոյան զանգել և շնորհավորել եմ Մարուքյանին՝ խորհրդարան անցնելու առթիվ», - ասաց Շարմազանովը՝ կատակելով, որ հնարավոր է՝ հաշիվն ինքը փակի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

ԱԺ չի անցել նախկին իշխող ՀՀԿ-ն՝ հավաքելով 4,7%: