26 հունիսի 2008 - 15:49 AMT
ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը համարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատշաճ ուղի
ԱՄՆ-ն տարիներ շարունակ ակտիվ մասնակից է եղել Մինսկի խմբի գործընթացին, ու դա համարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատշաճ ուղի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգտոնը: «Մենք ուրախությամբ կառավարությունների հաղորդումների հիման վրա տեղեկացանք, որ վերջին հանդիպումը լավ է անցել: Եվ հուսով ենք, որ այդ հանդիպման շուրջ կարելի է կառուցել հետագա քայլերը: Համանախագահների տարածաշրջանային այցը նախատեսվում է թերեւս այս ամսվա վերջին, որով էլ կմեկնարկի գործընթացի նոր փուլը: Մեր կարծիքով, այլընտրանք չկա ու մենք կշարունակենք եռանդագին աշխատել մեր գործընկերների հետ»,-ասել է ամերիկացի դիվանագետը: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հնարավորությանը, ապա Ջ.Պենինգտոնը ասել է, որ «հարցը ենթադրություն է պարունակում, եւ ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Բայց պետք է հուսանք ու ակնկալենք, որ այդ ենթադրությունը երբեք չդառնա իրականություն»,-ասել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ