12 դեկտեմբերի 2018 - 13:22 AMT
Վարուժան Ավետիսյան. Իշխանությունների հետ ֆոտոսեսիաներ անողները չեն կարող ընդդիմություն լինել

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում ընդդիմություն չի տեսնում՝ նշելով, որ իշխանությունների հետ ֆոտոսեսիաներ անողները չեն կարող ընդդիմություն լինել:

«Ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ իրենց ամբողջ գոյության ընթացում ձևական ներկայություն ապահոված ուժերը, որոնք ամեն հարմար առիթի ծռմռվում են իշխանությունների առաջ, ֆոտոսեսիաներ են անում նրանց հետ և ուղղակի օդ են տատանում, որպեսզի ընդդիմության տպավորություն ստեղծեն, չեն կարող լինել ընդդիմություն. ասածիս մեջ շատ շուտով կհամոզվեք», - լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ «Սասնա ծռերն» ընդունել են ընտրության արդյունքները, որովհետև այն արտացոլում է ժողովդրի կամքը, մինչդեռ Ավետիսյանի խոսքով, դա չի նշանակում, որ իրենք չեն ահազանգելու առկա վտանգների մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է:

«Սասնա ծռեր»կուսակցությունը հավաքել է 22,862 ձայն կամ 1.82%: