12 դեկտեմբերի 2018 - 15:05 AMT
Մեծ Բրիտանիան կաջակցի ՀՀ-ին տնտեսական և քաղաքական հավակնոտ բարեփոխումներում

Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դունկանը ողջունել է ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականը առ այն, որ ընտրությունների ընթացքում պաշտպանվել են ՀՀ քաղաքացիների հիմնարար ազատությունները և վայելել են հանրային բարձր աջակցություն:

«Այս ընտրությունները նախանշում են Հայաստանի ժողովրդավարական զարգացման շատ կարևոր փուլ: Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքին տպավորիչ հաղթանակի առթիվ, ինչպես նաև խորհրդարան անցած մյուս ուժերին: Միացյալ Թագավարության կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել նոր ձևավորվելիք կառավարության և Ազգային ժողովի հետ՝ աջակցելով ժողովրդավարական ինստիտուտների հետագա կայացմանն ու ՀՀ-ի հավակնոտ քաղաքական և տնտեսական բարեփոխումներին՝ ի շահ Հայաստանի ժողովրդի», - ասել է Ալան Դունկանը:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք անցել են ազատ և մրցակցային պայմաններում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։