12 դեկտեմբերի 2018 - 18:22 AMT
Փաշինյանը Չարենցավանում հանդիպել է նոր տնօրենի հեռացման պահանջով դասադուլ անող աշակերտներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չարենցավանի թիվ 3 դպրոցում արդեն մեկ ամիս շարունակ դասադուլ իրականացնող աշակերտներին և նրանց ծնողներին. նրանք պահանջում են պաշտոնանկ անել դպրոցի նոր տնօրեն Աննա Բալյանին, վերկանգնել հնին՝ Լուսինե Կարապետյանին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Երբ ծնողկոմիտեի ընտրություն է տեղի ունեցել, մեր ծնողներից մեկը ուղղորդված ընտրություն է արել, դրա շնորհիվ մեր տնօրենը չի ընտրվել։ Մեր ձայնը տեղ չի հասել։ Հիմա մենք պահանջում ենք մեր տնօրենին», ֊ ասել են ծնողները՝ պնդելով, որ, մասնավորապես, մարզպես Ռոմանոս Պետրոսյանն է ուղղորդել, որ ընտրեն Աննա Բալյանին։

Կոտայքի մարզպետը «սուտ և զրպարտանք» է որակել ծնողների պնդումները։

Փաշինյանը շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել նախկին և ներկա տնօրենների հետ։ Կողմերին լսելուց հետո վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ ինքը չի կարող օրենք խախտել և կամայական որոշումներ կայացնել, հետևաբար, ըստ Փաշինյանի, հարցի լուծման միակ տարբերակն է, որ նախկին տնօրենը փորձի դատարանով վերականգնել իր իրավունքները։