13 դեկտեմբերի 2018 - 12:29 AMT
ՌԴ ԱԳՆ. Ակնկալում ենք կառուցողական երկխոսություն ՀՀ-ի նոր օրենսդիր և գործադիր մարմինների հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Նա նշել է, որ ՌԴ-ն ակնկալում է կառուցողական երկխոսություն Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում:

«Դեկտեմբերի 9-ին մեր բարեկամ պետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որին հետևել են ռուս դիտորդները: Նրանց գնահատականով, ընտրություններն անցել են օրենքին շրջանակում, առանց խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա», - ասել է նա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։