27 հունիսի 2008 - 17:09 AMT
ՀՀ ղեկավարը վստահ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չեն բարելավվի ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չեն բարելավվի ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների: Խոսելով իր այցելության մասին Մոսկվա, որը կայացել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով` ՀՀ նախագահը հայտարարեց, որ «լավ բանակցություններ է ունեցել նախագահի եւ վարչապետի հետ»:

Մեկնաբանելով «Գազպրոմ» ընկերության մտադրությունները` բարձրացնել գները ԱՊՀ բոլոր երկրների, այդ թվում եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Հայաստանի համար` Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մենք հասկանում ենք «Գազպրոմի» տրամադրությունները եւ ընդունում ենք հայտարարությունները, որ հարցերը չեն լուծվելու քաղաքական հարթությունում: Մեզ համար հարմար կլիներ, եթե գների բարձրացումը կատարվեր սահուն: Բացի այն, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք, պետք չէ մոռանալ, որ Հայաստանում Գազպրոմի գազը իրացնում է «ՀայՌուսգազարդ»-ը: Այդ ձեռնարկությունն արդեն գազաֆիկացրել է Հայաստանի տարածքի 90 տոկոսը: Այդ ձեռնարկության բաժնետոմսերի մոտ 70 տոկոսը պատկանում է «Գազպրոմին», եւ ես կարծում եմ` ռուսական մենաշնորհը հաշվի կառնի այդ ձեռնարկության շահերը: Ես լիովին վստահ եմ, որ մենք սահուն կերպով կանցնենք եվրոպական շուկայական գներին», հաղորդում է «Կոմերսանտը»: