14 դեկտեմբերի 2018 - 16:38 AMT
Լուկաշենկո. Երևանը հրաժարվել է բելառուսական «Պոլոնեզներից»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջարկել է Երևանին գնել բելռուսական «Պոլոնեզ» համակարգերը, որոնք Մինսկը նաև Բաքվին է մատակարում, սակայն Հայաստանը հրաժարվել է:

Նա հավելել է, որ հայերը հրաժարվեցին «Պոլոնեզներից»՝ պատճառաբանելով, որ ռուսական «Իսկանդերներ» ունեն:

Մինսկն ու Բաքուն զարգացնում են համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչը խիստ քննադատության է արժանանում Երևանում, քանի որ ՀՀ-ն ու Բելառուսը ՀԱՊԿ անդամ են:

«Ադրբեջանցիներն, այո, օտար չեն ինձ համար, բայց մենք հայերի հետ միշտ միասին ենք եղել, և պետք չէ մեղ հանդիմանել այն անի համար, որ մենք զենք ենք վաճառում Ադրբեջանին: Եվ ինչի՞ համար են քննադատում՝ հրթիռային համալիրի…Ուրեմն իմացեք՝ երբ «Պոլոնեզները» դրվեցին արտադրության, մենք փորձարկումների հրավիրեցինք և հայերին, և ադրբեջանցիներին, և ռուսներին»,-պատմել է Լուկաշենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաև հավելել է, որ Բելառուսն Ադրբեջանի համար զենքի առաքումների մասով 4-5-րդ տեղում է, այդ թվում հաշվի առած «Պոլոնեզները»: Ըստ Լուկաշենկոյի, առաջին տեղում Ռուսաստանն է:

Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

10 տարվա գործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել:Բելառուսից Ադրբեջան առաքված ռազմատեխնիկայի ցանկում կա 150 միավոր Տ-72 տանկ, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հրետանային կայանք, 120 Դ-30 հաուբից, 12 միավոր Սու-25 ինքնաթիռ, «Բուկ ՄԲ» զենիթահրթիռային համակարգերի 2 մարտկոց, «Ստիլետ» Տ38 ԶՀՀ 2 մարտկոց, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն:

Ընթերցեք նաև.Լուկաշենկո․ Պուտինի հետ ասացինք՝ «Սերժ, տուր 5 շրջանը», հրաժարվեց

Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից, միաժամանակ քաղաքական որակել Խաչատուրովի գործը