14 դեկտեմբերի 2018 - 17:39 AMT
Ստամբուլում առաջին անգամ կցուցադրվեն Փարաջանովի ստեղծագործությունները

Աշխարհահռչակ հայ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, տարատեսակ իրերից պատրաստված կերպարվեստի նմուշներն առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել Ստամբուլում՝ Բերայի թանգարանում։

«Փարաջանով, Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսը գործելու է 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ից մինչև 2019-ի մարտի 17-ը։ Ցուցահանդեսին անդրադարձել է թուրքական birgun.net լրատվական կայքը՝ նշելով, որ այս ցուցահանդեսը «Պոետիկ կինոյի մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող արվեստագետի արտառոց երևակայական աշխարհն է արտացոլելու», հայտնում է Ermenihaber-ը:

Ցուցահանդեսը իրականություն է դարձել Ստամբուլի Բերայի թանգարանի և Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի համագործակցության շնորհիվ։ Այն նվիրված է Մեծ վարպետի ծննդյան 95-րդ ամյակին։

Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի համակարգմամբ կազմակեպված ցուցահանդեսին ներկայացված են արվեստագետի տարաբնույթ ստեղծագործությունները՝ նկարներ, կոլաժներ, զարդանախշեր, ֆիլմերի դրվագների էսքիզներ, բեմական հագուստի նմուշներ, խճանկարներ, լուսանկարներ և այլն։

Փարաջանովի հավաքածուն ներկայացվել է աշխարհի 30-ից ավել քաղաքներում, սակայն Ստամբուլում կազմակերպված ցուցահանդեսը կազմակերպիչների խոսքով ամենամեծն է։

Մասնավորապես Զավեն Սարգսյանը ցուցահանդեսի առնչությամբ ասել է հետևյալը. «Ստամբուլում իրականացվող այս ցուցահանդեսը Փարաջանովի թանգարանի պատերից դուրս կազմակերպված ամենամեծ ցուցահանդեսն է։ 1989-ին մեծ արվեստագետի այցելած քաղաքում, որով հմայվել է Փարաջանովը, ցանկացանք հնարավորինս հարուստ բովանդակությամբ ցուցահանդես ներկայացնել։ Հուսով ենք, որ այս ցուցահանդեսը կջերմացնի մարդկանց սրտերը և կնպաստի մեր ժողովուրդների մերձեցմանը»։

Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924-ի հունվարի 9-ին Թբիլիսիում։ Իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը ռեժիսորը նկարահանել է 1955-ին, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»: Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացավ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացել: Ֆիլմն ուկրաինացիների էթնիկական խմբի՝ գուցուլների մասին է. այստեղ ներկայացված են ոչ միայն ժողովրդական ծեսերը, հավատալիքները, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր աշխարհը, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը:

1966-ին սկսել է աշխատել «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի վրա, բայց այն արգելեցին, այդտեղից մի քանի կադր է պահպանվել: Նրա արվեստի ինքնատիպությունը հաստատվել է 1969-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» ֆիլմով: Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է 1973-ի դեկտեմբերի 17-ին, երբ՝ մեղադրելով արվամոլության մեջ, նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման: 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ նրան ազատ արձակեցին, բայց1982-ին Փարաջանովը կրկին ձերբակալվեց ու 11 ամիս պահվեց Օրթաճալայի բանտում: Բայց անգամ այնտեղ ռեժիսորը շարունակում էր ստեղծագործել՝ ինքնագործ թատրոն, կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:

Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը հիվանդության պատճառով անավարտ մնաց, բայց նյութերն ամբողջությամբ օգտագործվեցին Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարունը» վավերագրական ֆիլմում: