17 դեկտեմբերի 2018 - 13:06 AMT
Արամ Սարգսյան. Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով Ալեքսանդր Լուկաշենկոյի տհաճ արտահայտություններին ԱՊՀ գագաթնաժողովում կայացած խոսակցության ժամանակ, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ում ասելիք ունի, ապա առաջին հերթին պետք է ուղղի այն գլխավոր դաշնակից Ռուսաստանին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ԱՊՀ գագաթնաժողովում կայացած խոսակցության մասին անդրադարձի վերաբերյալ տեսանյութը հայտնվել է համացանցում:

«Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ֊-ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող , մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին»,-ասվում է գրառման մեջ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ` Ադրբեջանին զենքի վաճառքի շուրջ ունեցած խոսակցությանը: «Պուտինի ներկայությամբ ասացի` Նիկո՛լ, ո՞վ է Ադրբեջանին առաջին զենք վաճառողը։ Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լեզուդ ․․․ մտցրել, դե՛, քննադատի՛ր, վախենո՞ւմ ես»,-պատմել է Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովում կայացած խոսակցության մասին:

Արամ Սարգսյանը հավելել է, որ իր կարծիքով ասելն անիմաստ է, ուղղակի Հայաստանն անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և երկրի հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։ «Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կռասնադարի մարզով...»,-ասվում է նրա գրառման մեջ:

ԱՊՀ գագաթնաժողովում Լուկաշենկոն, դիմելով Փաշինյանին, ասել է նաև. «Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկացնես»:

Ավելի վաղ Լուկաշենկոն պատասխանել էր Բելառուսի հասցեին՝ Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառելու մասով հնչած քննադատություններին: Նա մասնավորապես նշել էր, որ ինքը «Պոլոնեզի» փորձարկմանը հրավիրել էր և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որպեսզի նրանք համոզվեին, որ դա բարձր ճշգրտությամբ զենք է: