28 հունիսի 2008 - 14:49 AMT
Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները խոչընդոտում են Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, նախարարը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները Մադրիդում 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ: Է.Նալբանդյանը շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարների կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ստեղծումը եւ բանակցությունների առաջընթացը:

Ինչպես հաղորդւոմ է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, համանախագահները նախարար Նալբանդյանին տեղեկացրեցին Բաքվում Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների արդյունքների մասին` նշելով ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը: Նրանք վստահեցրեցին, որ շարունակելու են ջանքերը կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ` մադրիդյան առաջարկությունների հիման վրա: