18 դեկտեմբերի 2018 - 16:06 AMT
Պրոդյուսեր Հասմիկ Հովհաննիսյանը՝ «Ոսկե ծիրանի» գլխավոր տնօրեն

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում կայացած ասուլիսում «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի երեք համահիմնադիրները` Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը հայտարարել են ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

Հարություն Խաչատրյանը հայտարարել է, որ փառատոնի գլխավոր տնօրենն է լինելու պրոդյուսեր Հասմիկ Հովհաննիսյանը, ծրագրերի ղեկավարը՝ կինոգետ Կարեն Ավետիսյանը, կինոգետ Արթուր Վարդիկյանը ստանձնելու է փառատոնի մի շարք ծրագրեր, կինոգետ Դիանա Մարտիրոսյանը զբաղվելու է փառատոնի ֆիլմերի ընտրությամբ, հայտնում է Panorama.am-ը։

«Մենք շատ գեղեցիկ աշխատեցինք 15 տարի, հաջորդ 15 տարին ձերն է, բայց մենք կհետևենք ձեզ 15 տարի նույնպես»,- նոր կազմին ներկայացնելով՝ ասել է նա։

Այնուհետև Հարություն Խաչատրյանը ներկայացրել է, թե ինչու են որոշել փոփոխություններ կատարել փառատոնի ղեկավար կազմում։

«Մենք 15 տարի այս հրաշալի կազմով՝ Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի հետ, ղեկավարեցինք փառատոնը՝ լինելով երեք տնօրեն, հիմնադիր տնօրենը ես էի, Միքայել Ստամբոլցյանը կինո ծրագրերի ղեկավարն ու տնօրենը, Սուսաննա Հարությունյանը՝ գեղարվետսկան ղեկավարը և տնօրենը։ 15 տարի մենք ձեզ դիմացանք, դուք մեզ։ Հիմա կարծես և աշխատելաոճը, և վերաբերմունքը, և ծրագրերը վերանայելու ժամանակն է, որովհետև աշխարհը նույնպես փոխվում է, փառատոները գնում են դեպի նոր ուղղություն, նոր մտածողություն, դեպի նոր հարաբերությունները, ֆիլմերի արտադրությունը նույնպես։

Նոր սերնդի ներմուծումը դեպի փառատոն ճիշտ, առողջ, սթափ որոշում է։ Մենք որոշեցինք, որ փառատոնում որոշակի փոփոխություններ անելու ժամանակն է, անցնել առաջ՝ փորձելով անել նորը, հետաքրքիրը, միջազգային նոր չափանիշներով, որշեցինք հրավիրել փառատոնի նոր ղեկավարներ»,-ասել է նա։

Կարեն Ավետիսյանն ասել է, որ կայացած փառատոնի գործին անցնելն ունի իր դրական և բացասական կողմեր. «Բացասական առումով՝ պատասխանատվության ծանրությունը, դրական առումով՝ փոխանցվում է մի գործ, որ ուներ որոշակի բարձր նշաձող, առնվազն մնում է այդ նշաձողը պահելը»։