18 դեկտեմբերի 2018 - 17:32 AMT
ՊԵԿ-ը շոու բիզնեսի ներկայացուցիչներին հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

Դա վերաբերում է երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց:

«Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները սեղմ ժամկետներում: Հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ: Հիշեցնում ենք, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ բարձր գնահատելով մշակութային ոլորտի կարևորությունը, Պետական եկամուտների կոմիտեն խնդրի լուծումը տեսնում է փոխըմբռնման հարթությունում՝ կտրուկ քայլերի փոխարեն դարձյալ ծանուցելով շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց։