18 դեկտեմբերի 2018 - 18:48 AMT
Գասպարյանի փաստաբանը «սուտ և զրպարտություն» է անվանել ՔԿ հաղորդագրությունը

Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ֊գնդապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները «ամբողջությամբ սուտ են և զրպարտություն»։

Նա նաև նշում է, որ վստահ է՝ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար։

ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ոստիկանության նախկին պետը, իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս ՀՀ ԱԺ ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Պայմանավորվածության համաձայն՝ խմբային շահերից ելնելով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը նշված ընկերության նախկին սեփականատիրոջը ներկայացրել է Աբովյանի տարածաշրջանը սպասարկող ոստիկանության պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարին՝ միասին աշխատելու համար։ Բացի այդ՝ հրահանգել է իր ենթակայության տակ գտնվող ոստիկանության աշխատակիցներին աջակցել նրան և չխոչընդոտել նրա ծավալած ձեռնարկատիրական գործունեությանը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում, իսկ մյուս կողմից՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտներ ստեղծել բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների երթուղի դուրս գալու համար:

2011 թվականից մինչև 2018 թվականը ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է Վլադիմիր Գասպարյանը: