20 դեկտեմբերի 2018 - 16:51 AMT
Պուտին. ՌԴ և ՀՀ հարաբերություններում ոչինչ չի փլուզվել

ՌԴ և ՀՀ հարաբերություններում ոչինչ չի փլուզվել՝ Երևանը Մոսկվայի ռազմավարական գործընկերն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մամուլի ասուլիսում:

«Իսկ ի՞նչ է նշանակում վերականգնել: Մեր հարաբերություններում ոչինչ չի փլուզվել, ինչը վերականգնել է պետք: Մենք հարթ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ՝ նա մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում, ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ է: Ինչը՞ վերականգնենք: Պետք է զարգացնել այն, ինչ կա, ինչ ստեղծել են նախորդ սերնդի ղեկավարները»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնելու իր քաղաքականությունը ՀՀ հանդեպ ընտրություններից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի ամենամերձավոր դաշնակիցն է Անդրկովկասում: Այդպես է եղել պատմականորեն, այդպես կա, և, հուսով եմ, այդպես էլ կլինի: Պետք է ելնել աշխարհում, տարածաշրջանում ստեղծված ընթացիկ իրավիճակի իրողություններից, ելնել մեր հնարավորությունների պահանջներից»,-ասել է նա:

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում և սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է այն հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ: Հայաստանի ռազմավարական դաշնակիցը անդրադարձել է ՀՀ-ում արտահերթին ընտրություններից միայն չորս օր անց՝ երկրի արտաքին գործերի գերատեսչության մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի մակարդով: Ընդ որում՝ անդրադարձը եղել է ոչ թե առանձին հայտարարության տեսքով, այլ Զախարովայի հերթական ճեպազրույցի ընթացքում:

Մինչդեռ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը չշնորհավորելու հանգամանքը պայմանավորել է արարողակարգով:Նա ասել է, որ ռուսական կողմը տրամադրված է Հայաստանի նոր ղեկավարության և խորհրդարանի հետ կառուցողական փոխգործակցությունը շարունակմանն ու զարգացմանը: