21 դեկտեմբերի 2018 - 15:02 AMT
Արգենտինայում իրավապահները խուզարկել են Էռնեկյանին պատկանող ընկերությունը

Արգենտինայի դաշնային ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ կապվող մի շարք հասցեներում՝ «Օրագրի սկանդալի» գործի շրջանակում, հայտնում է Clarín լրատվամիջոցը:

«Օրագրի սկանդալը» ծագել է այն բանից հետո, երբ բարձրաստիճան պաշտոնյաների վարորդը բացահայտել է օրագիրը, որում 2003-2015 թվականներին գրառել է երկրի նախկին նախագահներ Նեստոր և Քրիստինա Կիրշներների նախագահության տարիների այն բոլոր կոռուպցիոն գործարքները, որոնք իրականացվել են իր միջոցով:

Վարորդն անձանական օրագիր է պահել, որտեղ մեկ առ մեկ գրառել է կոռուպցիոն գործարքների մանրամասները՝ կաշառքի չափը, հասցեատերերին և այլն:

Խուզարկվել է նաև գործարարին պատկանող Corporación América ընկերության գրասենյակը: Ոստիկանությունն այստեղ փաստաթղթեր է փնտրել, որոնք կարող էին որպես ապացույց ներգրավվել այն գործին, որում Էռնեկյանը կասկածյալի կարգավիճակ ունի:

Ընկերության սեփականատիրոջ զարմիկ Ուգո Էռնեկյանը, որը պատասխանատու է ընկերության էներգետիկ հարցերով գործարքների համար, օգոստոսին խոստովանել էր, որ գումար է վճարել բարձրաստիճան պաշտոնյաներին տնտեսական արտոնություններ ստանալու համար: