21 դեկտեմբերի 2018 - 14:29 AMT
Պայթյուն Չեխիայի ածխահորում. 13 զոհ կա

Պայթյունը Չեխիայի ածխահորում 13 մարդու կյանք է խլել: Այդ մասին հայտնել է արդյունահանող OKD ընկերության ներկայացուցիչ Իվո Ցելեխովսկին:

Զոհվածներից 11-ը Լեհաստանի քաղաքացի է, 2-ը՝ Չեխիայի, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ընդհանուր առմամբ պայթյունի վայրում 23 հորատող էր աշխատում, որից միայն 2-ն էին Չեխիայի քաղաքացի: 7 տուժածի տեղում է օգնություն ցուցաբերվել, այժմ հիվանդանոցում 3 վիրավոր կա, որից մեկի վիճակը կրիտիկական է:

Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ ստորգետնյա աշխատանքները ստիպված են եղել դադարեցնել վատ եղանակային պայմանների պատճառով՝ փրկարարները չէին կարողացել առաջ շարժվել հրդեհի և զրո տեսանելիության պատճառով:

Բռնկման պատճառը մեթանն է եղել:

Սա ամենալուրջ միջադեպն է երկրում 1990-ից ի վեր՝ այն ժամանակ 30 մարդ զոհվեց հրդեհից Քարվինից ոչ հեռու գտնվող ածխահորերում: