21 դեկտեմբերի 2018 - 16:49 AMT
Forbes. ՀՀ-ն Հարավային Կովկասի ամենավատ երկիրն է գործարարության համար

Forbes-ը հրապարակել է բիզնես վարելու համար լավագույն երկրների վարկանիշը: Ընդհանուր առմամբ ցուցակում 160 պետություն կա, որոնք առավել գրավիչ են ներդրողների համար: Հայաստանն այդ վարկանիշում 81-րդն է:

Նշվում է, որ ՀՆԱ աճը Հայաստանում կազմել է 7.5%, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է $3900, գործազրկության մակարդակը 18.9% է:

Հարևան Վրաստանը ցուցակում ամենալավ դիրքում է տարածաշրջանի երկրներից՝ 44-րդ: Ադրբեջանը 70-րդն է, ՌԴ-ն՝ 55-րդ, Թուրքիան՝ 57-րդ, Ղազախստանը՝ 65-րդ, Ուկրաինան՝ 77-րդ, Բելառուսը՝ 88-րդ:

Առաջին տեղում, անկախ բրեքսիտից, Մեծ Բրիտանիան է, որին հաջորդում է Շվեդիան, իսկ երրորդը Հոնկոնգն է: Լավագույն 5-յակը եզրափակում են Նիդերլանդներն ու Նոր Զելանդիան: ԱՄՆ-ն 17-րդն է:

Երկրների գնահատման համար կիրառվում է 15 ցուցանիշ, այդ թվում՝ առևտուրն ու ֆինանսական ազատությունը, սեփականության իրավունքների, ներդրումների պաշտպանությունը, ինչպես նաև կոռուպցիայի և մարդու անձնական ազատությունների մակարդակը: