22 դեկտեմբերի 2018 - 14:23 AMT
Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Մանվել Գրիգորյանին ազատելու որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոք կներկայացնի գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց բաց թողնելու մասին։

Գրիգորյանը ձերբակալված է 2018-ի հունիսից, երբ ԱԱԾ-ն ցուցադրեց իրեն պատկանող առանձնատներում պահվող մեծաքանակ զենք-զինամթերքը, զինվորական հանդերձանքը, սնունդը, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակ ուղարկված օգնություն։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Պաշտպանական կողմը պնդում է, որ Գրիգորյանի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է։