24 դեկտեմբերի 2018 - 17:20 AMT
Արմեն Սարգսյանը ցավակցել է Ինդոնեզիայի նախագահին ավերիչ ցունամիի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ավերիչ ցունամիի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։

Ցունամիի զոհերի քանակը հասել է 281-ի:

Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ջոկո Վիդոդոյին և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 22-ի երեկոյան հզոր ցունամին ավերածություններ է գործել Ինդոնեզիայի Զոնդյան նեղուցի ափամերձ տարածքում: Ըստ ականատեսի, ամենահզորը երրորդ ալիքն էր: Ինդոնեզիայի իշխանությունները զգուշացրել են երկրի բնակիչներին ցունամիի կրկնվելու վտանգի մասին:Հարյուրավոր տներ ու շենքեր են փլուզվել: