25 դեկտեմբերի 2018 - 20:19 AMT
Պետք չէ ԼՂ ժողովրդի փոխարեն որոշել նրա կամքը․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի ասածներին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե երկիրը պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալ:

Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասել է, որ պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել նրա կամքը:

«Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք՝ զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը», - ասել է Նաղդալյանը։

Նա հավելել է, որ նախապայմանները, առավել ևս սպառնալիքները, «ազդեցություն չեն ունենալու բանակցություններում հայկական կողմի դիրքորոշման վրա»:

«Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն», - ասել է Նաղդալյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն հուսով է, որ 2019 թվականին Երևանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, և պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալ: