
Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը Վճռաբեկ դատարան, հայտնում է Քոչարյանի պաշտպանական թիմը:
Վճռաբեկ բողոքը 107 էջից է բաղկացած:
Նշվում է , որ բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման «առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտած դիրքորոշումների հետ և մարդու իրավունքների և ազատությունների (արդար դատաքննության) հիմնարար խախտում, ներառյալ, անմեղության կանխավարկածի, գործը օրինական դատարանի կողմից քննության, ինչպես նաև պատճառաբանված որոշում ստանալու իրավունքները և որոշ այլ իրավունքների խախտումը»:
Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: