1 հուլիսի 2008 - 20:02 AMT
Շտեֆեն Ռայխեն ՀՀ ԱԳՆ ղեկավարին ներկայացրեց Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ իր տեսակետները
Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպում ունեցավ Բունդեսթագի «Կովկաս» պատգամավորական խմբի նախագահ Շտեֆեն Ռայխեի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում քննարկվեց Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Ազգային Ժողովի եւ Բունդեսթագի պատգամավորների փոխգործակցության հարցերը: Պարոն Ռայխեն նախարար Նալբանդյանին ներկայացրեց իր եւ պատգամավորական խմբի նախաձեռնությունները, մասնավորապես, Պոտսդամում Ջոզեֆ Լեփսիուսի տուն-թանգարանի բացման նախապատրաստական աշխատանքները եւ նախարարին հրավիրեց մասնակցելու բացման պաշտոնական արարողությանը: Նախարար Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման լավագույն ձեւերից է եւ ողջունեց Բունդեսթագի պատգամավորների նախաձեռնությունները հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման առումով:

Գերմանացի պատգամավորի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը տեղեկություններ հաղորդեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումների, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարների վերաբերյալ: Շտեֆեն Ռայխեն նախարար Նալբանդյանին ներկայացրեց կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման վերաբերյալ իր տեսակետները:

«Կովկաս» պատգամավորական խմբի նախագահը վերահաստատեց ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներին հղված ս.թ. նոյեմբերին Գերմանիա այցելելու հրավերը:

Նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ «Քրոնիմետ» ընկերության նախագահ Գյունտեր Պիլարսկու հետ: Հանդիպմանը քննարկվեցին ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը եւ դրանց ընդլայնման հեռանկարները:

Նույն օրը երեկոյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Սթուբի հրավերով կմեկնի Հելսինկի: