27 դեկտեմբերի 2018 - 12:37 AMT
Ֆինանսական խախտումներ՝ «Արարատյան բակալավրիատ» ծրագրում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ավարտել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը, որը կատարվել է երեք ուղղությունով` բովանդակություն, ֆինանսներ, ծրագրի ներդրում, հայտնում է ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ծրագրի ֆինանսական բաղադրիչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրա շրջանակում կատարված գնումների գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով:

«Սա, մասնավորապես, վերաբերում է Քեմբրիջի համալսարանի հետ կրթական ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքմանը, «Այբ» հիմնադրամի կողմից տարածքի վարձակալությանը և այլ գործարքների: Ֆինանսական հաջորդ խնդիրը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից վարձակալված տարածքի (պատկանում է «Վեմ» ռադիոկայանին) և դրա վարձավճարի մեծությունն է, որը 30-40%-ով գերազանցում է համարժեք գրասենյակային տարածքի միջին շուկայական արժեքը (դիտարկումը հիմնված է անշարժ գույքի գործակալությունների կողմից տրված համեմատական կարծիք-գնահատման վրա)», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ այս հանգամանքը «կարևոր է` հաշվի առնելով այն փաստը, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված գումարների մի մասը վճարվել է ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև կնքված պայմանագրերով հիմնադրամին հատկացված գումարներից»:

Եվս մեկ ֆինանսական խնդիր վերաբերում է պետական միջոցներից տրամադրված գումարներից հիմնադրամի աշխատակիցներին տրված պարգևատրումներին։ ՀՀ ԿԳ նախարարությունը հիմնադրամի հետ 2014 թվականի նոյեմբերի 13-ին կնքել է նվիրաբերության պայմանագիր: Հիմնադրամն իր հերթին 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում աշխատողների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր (պայմանագրի 2.1.1. կետ՝ աշխատանքը սկսել 01 նոյեմբերի 2014թ.-ից)։ Պայմանագրերի կնքումից հետո 9 աշխատակից 15 օրվա համար պարգևատրվել է` նոյեմբեր ամսին ցուցաբերած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար (առանց հիմնավորման, թե կոնկրետ ինչ աշխատանք է կատարվել, ինչ արդյունքներ են արձանագրվել նշված ժամանակահատվածում) ավելի քան 13.4 դրամի չափով:

«Արարատյան բակալավրիատի» բովանդակային մասի ուսումնասիրության վերհանած խնդրահարույց հիմնական կետերն են` առարկայական ծրագրերի թարգմանված և տեղայնացված լինելը (ի հակադրություն ստեղծված լինելուն), առարկայական բովանդակային անհամապատասխանությունները, ինչպես նաև հիմնական դպրոցի վերջնարդյունքների և ԱԲ-ի շարունակականության միջև առկա խզումը:

Ուսումնասիրության երրորդ կետով անդրադարձ է կատարվել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրմանն ու շարունակականությանն առնչվող հարցերին:

«Մասնավորապես, ծրագիրը չուներ հստակ ներդրման պլան, որը պետք է հաստատված լիներ դեռևս 2018 թվականի մարտ ամսին: Ընտրված ներդրման մոտեցումները ռիսկային են` դպրոցների միջև հավասարության, ռեսուրսների համաչափ բաշխման ու արդարության հավասարակշռության պահպանման տեսանկյունից: Ծրագրի շարունակականության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Արարատյան բակալավրիատի» աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը ոչ պետական հենքի վրա վնասել են ծրագրի կայունության հեռանկարը: Ոչ պետական հարթակի վրա քննական կենտրոնի ստեղծումը և ծրագրի կառավարումը առաջ են բերել անբարենպաստ պայմաններ` ծրագրի կայացման, զարգացման և ընդլայնման համար: ԱԲ ծրագրում ընդգրկված ուսուցիչների, տնօրենների, ծրագրի տեղայնացման ուղղությամբ աշխատած, ինչպես նաև քննական կենտրոնի մասնագետների հետ բազմաթիվ հանդիպումները ցույց տվեցին, որ ներգրավված են եղել իրենց գործին պատասխանատվությամբ վերաբերվող, կրթության ոլորտի գիտակ մարդիկ», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Նշված հարցերի մանրամասները ներկայացված կլինեն ուսումնասիրության վերջնական զեկույցում, որը կտրամադրվի «Այբ» կրթական հիմնադրամին և կհրապարակվի հիմնադրամի կողմից զեկույցի վերաբերյալ կարծիք ստանալուց հետո:

Ավելի վաղ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել էր Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնել:

«Այբի» ու Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Հարությունյանը հայտարարել էր, որ պետությունն այլևս չի ֆինանսավորելու մասնավոր դպրոցները՝ «տեր մեսրոպներին» (ակնարկելով «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին - խմբ) միլիոններ հատկացնելով։

Ի պատասխան «Այբը» հայտարարել է, որ դպրոցը երբեք չի ստացել պետական միջոցներ՝ գումարը հատկացվել է Արարատյան բակալավրիատի ծրագրին, իսկ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը ասել էր, որ նախարարը գրոհել է հիմնադրամն առանց բովանդակային քննարկման ու ուզում է կտրել երկրում լավ կրթություն ունենալուն միտված ծրագրի թևերը։ Հարությունյանը ի պատասխան հայտարարել էր, որ հանձնարարել է կազմակերպել ֆինանսական աուդիտ ու կխոսի դրա արդյունքներից հետո, կարծիք հայտնելով, որ Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է։