27 դեկտեմբերի 2018 - 15:14 AMT
Անանյանը՝ բեռնափոխադրողների բողոքի մասին. Դա ընդհանրապես ՊԵԿ գործառույթը չէ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բեռնափոխադրողների բողոքի ակցիայի մասնակիցների պահանջին, հայտարարել է, թե դա ընդհանրապես ՊԵԿ գործառույթը չէ։

Բեռնափոխադրող ընկերություններն դեկտեմբերի 27-ին բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց. նրանք բողոքում էին հարկային բեռի ավելացումից։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին խնդրին լուծում տալ, այլապես խոստանում էին բեռնատարներով փակել փողոցները և կաթվածահար անել երթևեկությունը։

«Ես մեկնաբանելու որևէ բան չունեմ, ՊԵԿ-ը վարչարարությամբ զբաղվող մարմին է, քաղաքականությամբ չի զբաղվում», - ասել է ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ եթե օրենսդրության հետ կապված խնդիր կա և օրենսդրությունը պետք է փոխվի, ապա դրանով այլ մարմին պետք է զբաղվի, հայտնում է Aysor.am-ը։

Դավիթ Անանյանն ասել է, որ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատարի հետ պայմանավորվել են հունվարի հենց առաջին աշխատանքային օրերին քննարկման առարկա դարձնել հարկ վճարողների ահազանգը կամ մտահոգությունը։

«Թե ինչքանով է վիճահարույց այս կամ այն ակտը, քննարկման առարկա կդարձնենք, որոշում կկայացնենք և առաջիկա հարկային օրենսգրքի փոփոխության փաթեթում հավանականությունը կքննարկենք, թե ինչ կարելի է անել։ Բայց դա ընդհանրապես ՊԵԿ գործառույթը չէ», - ասել է Դավիթ Անանյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նրանց հորդորել է հունվարին նստել մի սեղանի շուրջ ու քննարկել իրավիճակը, փորձել լուծումներ գտնել: Իսկ փաստաթղթաշրջանառությունը չապահովելու համար ՊԵԿ-ը ստուգումներ է անում, տուգանքներ նշանակում ընկերություններին։