5 հունվարի 2019 - 10:33 AMT
Նորընտիր ԱԺ առաջին նիստը՝ հունվարի 14-ին

7-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 10:00-ին: Այդ մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը ժամը 10-ին, որի մասին հայտարարում է ԿԸՀ նախագահը: Ուստի Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի օր է հայտարարվում 2019-ի հունվարի 14-ի երկուշաբթի օրը, ժամը 10.00-ին։

ԿԸՀ հւնվարի 4-ի նիստում կազմվել է արձանագրություն, որով մանդատները բաշխվել են խորհրդարանական երեք ուժերի միջև:

ԱԺ-ում մեծամասնություն է կազմելու «Իմ քայլը» դաշինքը, որը կունենա 88 պատգամավորներ, քանակով երկրորդը լինելու է «Բարգավաճ Հայաստան » խմբակցությունը՝ իր 26 պատգամավորներով: Խորհրդարանական երրորդ ուժը «Լուսավոր Հայաստանն» է, որը կունենա 18 պատգամավոր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։