7 հունվարի 2019 - 17:27 AMT
ՀՀ և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը Կարագանդայում

Հունվարի 7-ին կայացել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Կարագանդայում ստեղծված իրավիճակին: Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները երկուստեք ընդգծել են կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան երանգ տալու փորձերի անթույլատրելիությունը:

Հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկի մոտ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է մեկ ղազախստանցի։ Ըստ ղազախական ԶԼՄ-ների, իրավապահները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող 3 անձի, որոնցից 2-ը տեղի հայ համայնքից են: Սպանությանը հաջորդել են հակահայ կարգախոսներով բողոքի ցույցերը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը: Այդ առնչությամբ կողմերն ընդգծել են Հայաստանի և Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջև անմիջական կապի պահպանման կարևորությունը:

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ փոխգործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլանման ուղղությամբ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները կարևորել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ որպես երկրի հասարակության անբաժանելի մաս, որը կարևոր դերատակարում ունի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Միջադեպից հետո Կարագանդայում հարյուրավոր քաղաքացիներ՝ հատուկ նշանակության զորքերի վերահսկողությամբ բողոքի ակցիա են իրականացրել՝ հայտնելով իրենց վրդովմունքը տեղի ունեցածի կապակցությամբ։ Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Ղազախստանում ՀՀ դեսպանատունը, որում իր ցավակցություններն է հայտնել սպանվածի հարազատներին ու մտերիմներին:

Սոցիալական ցանցերում տարածվել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների տեսաուղերձը, որտեղ նրանք ներողություն են խնդրում կատարվածի համար, ցավացություններ հայտնում սպանվածի հարազատներին։