8 հունվարի 2019 - 13:34 AMT
ՀՀ և Ղազախստանի ԱԽ քարտուղարները կարևորել են Կարագանդայի դեպքի թափանցիկ քննությունը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղազախստանի նախագահի օգնական - ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ հեռախոսազրույցում իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորել են բազմակողմանի ու թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը:

Միաժամանակ կարևորվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը:

Հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկի մոտ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է մեկ ղազախստանցի։ Ըստ ղազախական ԶԼՄ-ների, իրավապահները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող 3 անձի, որոնցից 2-ը տեղի հայ համայնքից են: Սպանությանը հաջորդել են հակահայ կարգախոսներով բողոքի ցույցերը:

Միջադեպից հետո Կարագանդայում հարյուրավոր քաղաքացիներ՝ հատուկ նշանակության զորքերի վերահսկողությամբ բողոքի ակցիա են իրականացրել՝ հայտնելով իրենց վրդովմունքը տեղի ունեցածի կապակցությամբ։ Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Ղազախստանում ՀՀ դեսպանատունը, որում իր ցավակցություններն է հայտնել սպանվածի հարազատներին ու մտերիմներին:

Սոցիալական ցանցերում տարածվել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների տեսաուղերձը, որտեղ նրանք ներողություն են խնդրում կատարվածի համար, ցավացություններ հայտնում սպանվածի հարազատներին։