3 հուլիսի 2008 - 14:32 AMT
ԵԱՀԿ ԽՎ-ում ընդունվել է Հայոց ցեղասպանության դեմ ուղղված թուրքական թեզը
Աստանայում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանում ընդունվել է Թուրքիայի առաջարկած փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ պատմական իրադարձությունները, ինչպես, օրինակ, ցեղասպանությունը, պետք է ճանաչվեն պատմաբանների կողմից մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Այդ մասին, ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում Թուրքիայի ղեկավար Ալահաթթին Բույուկայը: «ԵԱՀԿ-ի կողմից թուրքական թեզի ընդունումը էական նվաճում է հայերի մեղադրանքների դեմ: 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ թուրքական թեզը առաջին անգամ ընդունվեց միջազգային հիմքի վրա: ԵԱՀԿ 56 անդամ պետություններից միայն Հայաստանը դեմ քվեարկեց մեր առաջարկությանը»,-հայտարարել է նա: Ալահաթթին Բույուկայի խոսքերով, ընդունված փաստաթղթում ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է անում ձեւավորել երրորդ երկրների պատմաբաններից եւ փորձագետներից կազմված համատեղ հանձնաժողով` քաղաքական եւ ռազմական արխիվների ուսումնասիրման համար, որպեսզի լույս սփռվի վիճահարույց պատմական շրջանի վրա, ինչը կնպաստի փոխըմբռնմանը ԵԱՀԿ անդամ երկրների միջեւ: