9 հունվարի 2019 - 11:11 AMT
Ռուս տնտեսագետ. Գազի գնի բարձրացումը ՀՀ-ին պատիժ է ՌԴ-ից հեղափոխության համար

Ռուսական գազի սակագնի բարձրացումը ՌԴ կողմից պատիժ է Հայաստանին թավշյա հեղափոխության համար: Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սերգեյ Ալեկսաշենկոն «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում:

«Հայաստանի համար դա կարծես պատիժ է՝ ժողովրդի բողոքի ցույցերի ճնշմամբ նախագահի պաշտոնանկության համար: Պուտինի համար դա անթույլատրելի բան է, որի համար երկիրը պետք է պատժվի,-ասել է նա:

Ըստ ռուսական լրատվամիջոցի, Հայաստանը դիտարկում է ՌԴ փոխարեն Իրանից գազ գնելու հնարավորությունը:

2018-ի դեկտեմբերի 31-ին ավարտվել է գազի գնի վերաբերյալ գործող պայմանագրի ժամկետը, որից հետո ՌԴ-ն բարձրացրել է գազի գինը սահմանին՝ 1000 խմ գազի դիմաց 150 դոլարից մինչև 165 դոլար: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այդ իրողությանը, ասել է, որ սպառողների համար գազի գինը կմնա նույնը:

Նոյեմբերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարԳարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են վերանայել ՀՀ-ին տրվող գազի սակագինը, ստեղծել համապատասխան հանձնաժողով:Նա հավելել էր նաև, որ Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը: