10 հունվարի 2019 - 11:45 AMT
ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը մինչև հունվարի 11-ը ժամանակ է տվել՝ պատախանելու Մայրապետյանի գործով հարցերին

ՄԻԵԴ-ը (Մարդու իրավունքների եվրոպական դատարանը) ՀՀ կառավարությունից պահանջվել է մինչև 2019-ի հունվարի 11-ը տեղեկություններ ներկայացնել գործարար Սամվել Մայրապետյանի գործով առաջադրված հարցերի շուրջ: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

2019-ի հունվարի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019-ի հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել են, որ վերջինս, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին վերադարձնել Դիմումատուի անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

Ըստ նախարարության մամուլի ծառայության, հաջորդ օրն իսկ` հունվարի 3-ին, Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը և ՀՀ կառավարությանն առաջադրել հետևյալ հարցերը՝

• Արդյոք ՀՀ իշխանությունները վերցրել են դիմումատուի անձնագիրը: Եթե այո, ապա որո՞նք են դրա իրավական և փաստական հիմքերը.

• Հաշվի առնելով դիմումատուի առողջական վիճակը՝ արդյո՞ք հնարավոր է կազմակերպել վերջինիս բուժումը Հայաստանում:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար:

Հունվարի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տվել մեկնել Գերմանիա: Ավելի վաղ Սամվել Մայրապետյանի փաստաբաններն անձնագիրը վերադարձնելու միջնորդությունը պատճառաբանել էին նրա լուրջ հիվանդությամբ, որը հնարավոր է բուժել միայն արտերկրում:

Դեկտեմբերի 27-ին դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը՝ 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելով նրանց: