11 հունվարի 2019 - 11:03 AMT
Amnesty International. Ադրբեջանում իրավիճակը սարսափելի է, ՀՀ-ում՝ լուրջ առաջընթաց է

Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Դանիել Բալսոնը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության արդյունքում «քաղաքացիական հասարակությունը լուրջ առաջընթաց է գրանցել»:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, նա միևնույն ժամանակ նա նշել է, որ դեռևս կան իրավապաշտպաններին մտահոգող խնդիրներ, այդ թվում՝ քաղաքացիների նկատմամբ նախաքննական ձերբակալությունների կիրառումը:

Բալսոնն անդրադարձել է նաև Ադրբեջանում տիրող իրավիճակին. նա ասել է, որ երկրի կառավարությունն իր գործողություններով «ցանկանում է ցույց տալ բոլորին, որ չի հանդուրժելու որևէ քննադատություն իր հասցեին»:

«Կասկած չկա՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը սարսափելի է. հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են Ադրբեջանի կառավարության կողմից ինչպես երկրի ներսում այդպես էլ՝ սահմաններից դուրս», - նշել է Բալսոնը:

The Economist Intelligence Unit-ի հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանում ժողովրդավարության տեսանկյունից տեսանելի բարելավումներ են գրանցվել. երկիրը ստացել է 4,79 միավոր՝ 2017 թվականի 4,11 միավորի համեմատությամբ և 111-րդ տեղից բարձրացել է 103-րդ: