ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննարկումը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է:
Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասել է լրագրողներին, որ հետաձգման պատճառը տեխնիկական է, և նիստը կշարունակվի, երբ կտրամադրվեն անհրաժեշտ փաստաթղթերը, հայտնում է Aysor.am-ը:
Մանվել Գրիգորյանը նիստին չի մասնակցել:
Հունվարի 11-ի առավոտյան Էջմիածին քաղաքում վերսկսել էր գեներալ,ԱԺ նախկին պատգամավորՄանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան։ Ակցիայի մանսակիցներն ավտոերթ են անցկացրել Էջմիածնում՝ պահանջով, որ Գրիգորյանը դարձյալ կալանավորվի:
Էջմիածնում սկսված բողոքի ակցիայի մասնակիցներն ավտոերթով շարժվել էին Երևանի Վերաքննիչ քրեական դատարան։Նիստին զուգահեռ ընթանում էր բողոքի ակցիա, քաղաքացիները պահանջում են Մանվել Գրիգորյանի կալանավորումը։
2018 թ. դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել փոխել ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Որպես խափանման միջոց դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով:
Գրիգորյանը ձերբակալվել էր 2018-ի հունիսից, երբ ԱԱԾ-ն ցուցադրեց իրեն պատկանող առանձնատներում պահվող մեծաքանակ զենք-զինամթերքը, զինվորական հանդերձանքը, սնունդը, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակ ուղարկված օգնություն։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: