11 հունվարի 2019 - 18:10 AMT
ՀՔԾ-ն Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Հայկական Ժամանակի» փոխանցմամբ, հայտնել են ՀՔԾ-ից:

Պաշտպանական կողմը դեկտեմբերի 26-ին Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել:

Հունվարի 9-ին Քոչարյանի գործը քննող դատավորը ինքնաբացարկ է հայտարարել, քանի որ Մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ևս ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից ներկայացվել է հերթական միջնորդությունը: Նրանք միջնորդություն են ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: