12 հունվարի 2019 - 11:38 AMT
Մեսչյան. Արամի 23-ի պատի ամրացման նախագծերը մշակույթի նախարարությունը չի հաստատել

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն, անդրադառնալով Արամի 23 հասցեում գտնվող շենքի պատի փլուզմանը, որտեղ գործում է «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան, ասել է, որ պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետև բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք էր:

Հունվարի 11-ի երեկոյան փլուզվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը, որտեղ գործում էր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի, մոտ 3 ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել և վերադարձնել շենքի մշակութային արժեքը: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն էնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետև բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից և հանգիստ շարունակել աշխատանքները», - ասել է գլխավոր ճարտարաօպետը:

Նա հույս է հայտնել, որ մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, «Հին Երևանի» ճարտապետի հետ միասին կմշակի մի նախագիծ, որով կապահովվեն գոյություն ոնեցող հուշարձանների պահպանությունը, և հուշարձանների շուրջ տեղի ունեցող որևէ շինարարություն չի վնասի գոյություն ունեցող կառույցները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը: Իսկ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ «Հին Երևան» ծրագրի մեջ ոչ մի հուշարձան չի քանդվելու, դա վերաբերում է և՛ Արամի 23 հասցեին, և՛ այդ տարածքում գտնվող բոլոր մյուս հուշարձաններին:

Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցը փրկելու համար վերականգնման 3 նախագիծ է արվել: Առաջինը, որը մշակել էր «Հին Երևան» նախագծի ճարտարապետը, քննարկման արդյունքում մերժվել էր Մշակույթի նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի կողմից, որովհետև համարվել էր վտանգավոր՝ կառույցի ամբողջականության համար: Շենքի պահպանման 2-րդ և 3-րդ նախագծերը մշակվել էին նախագծող ճարտարագետի և ԱԻՆ մասնագետի կողմից, սակայն նույնպես չեն արժանացել գերատեսչությունների հավանությանը: